Posted in Կենսաբանություն, Uncategorized

Մկաններ

Հենաշարժական կառուցվածքի ակտիվ մասը մկանային համակարգն է, որը բաղկացած է երկու`   կամային և ակամա գործող տարբեր տեսակի հյուսվածքներից: Առաջինը ԿՄԱԽՔԱՅԻՆ ՄԿԱՆՆԵՐՆ են, որոնք կազմված են միջաձիգ-զոլավոր մկանաթելերից և օժտված են կծկվելու`   կարճանալու և թուլանալու հատկությամբ: Դրանց շնորհիվ իրականացվում են մարդու կամքով, գիտակցված շարժումները հոդերում և տարբեր մարմնամասերում: Ահա թե ինչու կմախքային մկանները կոչվում են ԿԱՄԱՅԻՆ: Սրանք մարզիկին`   ուժ ու ճկունություն, հմտություն, դերասանին`   հարուստ դիմախաղ, պարուհուն`   մարմնի զգացմունքային արտահայտչականություն, տղամարդուն`   առնականություն, կնոջը`   նազանք ու գրավչություն են տալիս:

Մկանային հյուսվածքի երկրորդ տարատեսակը հարթ մկաններն են, որոնցով կազմավորվում են ներքին օրգանների (սիրտ, ստամոքս, աղիքներ և այլն*), արյունատար անոթների պատերի, մաշկի մկանները: Այս մկանների միջոցով ներքին օրգանների կծկումները մարդու կամքին չեն ենթարկվում: Դրա համար էլ կոչվում են ՈՉ ԿԱՄԱՅԻՆ մկաններ: Ներքին օրգանների կառուցվածքի գործունեության մասին բազմաթիվ առանձին հոդվածներ ենք տպագրել նախորդ համարների «Ճանաչիր քո օրգանիզմը» բաժնում:

Որպես ակտիվ գործող օրգաններ, մկաններն առատորեն մատակարարվում են արյունով: Մկաններից շատերը արյուն և սննդանյութեր են ստանում ոչ մեկ զարկերակով, իսկ կատարած ակտիվ աշխատանքի ընթացքում նյութափոխանակության արգասիքները հեռանում են երակային խիտ ցանցի միջոցով: Մկանները հարուստ են ավշային անոթներով և նյարդային ցանցով:

Ինչպես ոսկրերը, այնպես ել կամային մկանները տարբեր ձև կառուցվածք, դիրք ու դասավորություն ունեն և համապատասխանում են դրանց ՙպարտադրվող՚`   առանձին, կամ այլ մկանախմբերի հետ կոորդինացված ամենաբարդ շարժումների իրականացմանը:

Կախված բեռնվածության աստիճանից, կմախքի յուրաքանչյուր մկան, բացի սեփական պատյանից, պարուրված է նաև մկանախմբերի և մարմնամասերի կծկումները սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղներով: Սրանք մկանի սկզբում և վերջում վերածվում են ամուր ջլերի, ապահովելով հոդի մեջ մտնող ոսկրերի շարժումները: 

Հաճախ ծանրորդների, բեռնակիրների գերբեռնվածության հետևանքով որոշ մկանների լարվածությունը սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղները պատռվում են, մկանային ճողվածքներ, ջլերի վնասվածքներ են առաջանում, որոնք բուժվում են վիրաբուժական և ֆիզիոթերապևտիկ եղանակներով:

Տարբերում են երկար, կարճ, լայն, իլիկաձև մկաններ: Երկար մկանները վերջույթների վրա են, որտեղ շարժումներն ավելի շատ են: Կարճ մկաններով հարուստ են մեջքի հյուսվածքների խորանիստ շերտերը, որտեղ շարժումները սահմանափակ են: Լայն մկանները հիմնականում իրանի, մաշկի և որովայնի շրջանում են: Վերջույթների ոսկրերը շարժող մկանները հիմնականում իլիկանման ձև ունեն: Կմախքային մկաններում կան նաև բարդ կառուցվածք ունեցողներ, օրինակ, բազկի երկգլուխ, եռագլուխ, ազդրի քառագլուխ, սրունքի երկգլուխ մկանները: Ինչպես բոլոր ոսկրերը, այնպես էլ կմախքի բոլոր մկանները մեկ ամբողջական կենդանի օրգանիզմ են, իրենց հատուկ կազմվածքով և գործողություններով:

Author:

Ողջու՜յն։ Իմ անունը Գուրգեն Աբրահամյան է: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցում, 5-րդ դասարանում։ Իմ մազերը կարճ են և սև։ Ես ունեմ շագանակագույն աչքեր։ Ես սիրում եմ Մաթեմատիկա։ Ես նման եմ իմ պապիկին։

Leave a comment